«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին նախաձեռնած քննարկմանը, բայց դա չի փոխի խորհրդարանական եռյակի համագործակցության ձեւաչափը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Չնայած «Ժառանգությունում»  դեռ չեն քննարկելի այդ հարցը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք միշտ կողմ ենք եղել քննարկումներ անցկացնելուն, առավել եւս մեր ընդդիմադիր գործընկերների հետ, ինչպես նաեւ այն, որ «Ժառանգությունը» եւս մեկ քննարկում է հրավիրել կապված սահմանադրական բարեփոխումների հետ, մեր գործընկերները, այդ թվում ԲՀԿ-ից, մասնակցել են, կարծում եմ մենք կմասնակցենք հունվարի 20-ի քննարկմանը»:
Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծել է, որ դա չի փոխի երեք խորհրդարանական ուժերի համագործակցության ձեւաչափը: «Այդ հավաքից հետո, կարծում եմ, հանդիպումներ կլինեն նաեւ երեք քաղաքական ուժերի միջեւ միասնական օրակարգով»,-հավելել է նա: