Քայքայիչ աղանդների դեմ պայքարող՝ «Միացյալ երիտասարդական լիգա» շարժման անդամներն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դիմում-նամակով վարչապետից խնդրեցին աջակցել, որպեսզի Երեւանի Շիրակ փողոցն անվանակոչվի հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Ազատ Ասոյանի անունով:
«Մեր երկրում հերոսները հուղարկավորությամբ ու ծաղիկներով են հերոսացվում, մեկ էլ սոցիալական կայքերում լաց ու կոծով: Ցանկացած տեսակի բան, որը կարող է վառ պահել մեր հերոսների անունը, պետք է անել: Ցանկանում ենք, որ մեր կառավարությունը սատարի մեր նախաձեռնությանը, ունենանք Ազատ Ասոյանի անունը կրող փողոց: Դա Շիրակի փողոցն է, որտեղ ծնվել, ապրել է Ազատը, կրթություն ստացել: Դա Ազատի հոգեհարազատ փողոցն է»,- NEWS.am-ին ասաց ՄԵԼ ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը:
Կառավարության մոտ ՄԵԼ շարժման անդամներից բացի հավաքվել էին նաեւ Ազատ Ասոյանի հարազատները, ընկերները, ուսուցիչները: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատի դասվար Ռիմա Զաքարյանը, իրենք նույնպես ցանկանում են, որ Շիրակի փողոցը, որտեղ էլ հենց գտնվում է Ազատի հաճախած 115 դպրոցը, անվանակոչվի նրա անունով:
«Մենք ամեն րոպե հիշում ենք Ազատին: Ինքը միշտ կենդանի կմնա մեր հիշողության մեջ: Ազատը տարբերվում էր մյուս աշակերտներից իր վարքագծով, իր արտաքինով, իր ջերմեռանդությամբ: Ինքն այլ երիտասարդ էր: Երբ ես այդ օրը լսեցի, որ երկու զինվոր է սպանվել, ասացի՝ Աստված իմ, հանկարծ Ազատը չլինի: Ոնց որ ես կանխազգայի մի բան: Ամբողջ Շիրակի փողոցն Ազատի հուղարկավորությանը մեծից փոքր կանգնել էր մայթի վրա: Ես շատ ափսոոսում էր, որ նա դարձավ թշնամու թիրախ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էր նաեւ 20-ամյա ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը:




























