Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում կայացավ նախատոնական համերգ, որն ամփոփեց եւ նշանավորեց 2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Օպերայի աջակցման հիմնադրամի միջեւ համագործակցությունը:

«Վիեննա Գալա» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները եւ հատուկ այս միջոցառման համար հրավիրված գերմանաբնակ հանրահայտ երգչուհի Հրաչուհի Բազենցը (երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյան, ով նաեւ հանդիսանում է Հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ): Հնչեցին կոմպոզիտորներ Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Ֆ. Սուպեի, Ֆ. Լեհարի եւ Լ. Կալմանի ստեղծագործությունները:

2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում` զգալի ակտիվություն մտցնելով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մշակութային կյանքում. ձեւավորվեցին «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը, իսկ արդեն ձեւավորված «Համերգ ճեմասրահում» եւ «Օրկեստր պլյուս» նախագծերը զգալիորեն զարգացան եւ արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականի:

«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձեւավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մեք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաեւ շարունակեն կերտել վառ կերպարներ՝  օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: