«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց փոխել Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար։
«Հարգելի դատարան, իմ պրակտիկայում նման բան չէր եղել, երբ որ հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, իսկ հիվանդանոցը հրաժարվում է ընդունել՝ պատճառաբանելով, որ պետք է ուղեգիր ներկայացնել։ Իրավիճակը հասավ նրան, որ նույնիսկ ծնողները համաձայն էին գումար վճարելով վիրահատություն իրականացրել։ Սակայն այդ մեկ այլ հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» կենտրոնում, ասացին, որ կարող էին ստուգել եւ վիրահատել։ Ընդ որում, որտեղ որ ասում էին, Վերնիսաժի գործով ամբաստանյալ է, բոլորը խուսափում էին։ Հիմա իր վիրահատությունը կազմակերպելու համար միջնորդում եմ փոխել խափանման միջոցը, քանի որ այդ վիրահատությունը չանելու դեպքում Վալերիկի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբան Արայիկ Ալվանդյանը՝ նշելով, որ միայն քաղաքացիական հիվանդանոցում կարելի կլինի նրան պատրաստել նման բարդը վիրահատության։
Փաստաբանը նշեց, որ ինքն ու իր պաշտպանյալը որեւէ միտում չունեն գործը հետաձգելու։
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանը 10 օր բուժվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, սակայն համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո Վալերիկ Հովյաննիսյանին չեն վիրահատել, քանի որ դա կարող էր նրա կյանքի համար վտանգավոր լինել։
Ամբաստանյալներ Գոռ Առաքելյանն ու Ներսես Մելքոնյանը միացան միջնորդությանը։ Միջնորդության դեմ առարկեց միայն դատախազը։
Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը՝ ասելով, որ այն բողոքարկման ենթակա չէ։
Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, դժգոհեց այս որոշումից՝ ասելով, որ «մարդկային կյանքը դատարանի համար ոչ մի արժեք չունի»։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























