Ըստ Կենտրոնական բանկի հրապարակման՝ հուլիսի 6-9 ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (փոխանակման կետերում) բանկերի կողմից գնվել է 60 մլն դոլար՝ 367.54 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,2 մլն դոլար՝ 368.88 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով: Համեմատած նախորդ շաբաթվա տվյալների հետ, երբ բանկերը գնել էին 77 մլն դոլար եւ վաճառել 65,2 մլն, ֆինանսական շուկան փոքր-ինչ պասիվացել է։ Այս պարագայում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է դրամը արժեւորվում բորսայում, եթե նրա նկատմամբ պահանջարկի աճ չկա։ Ի դեպ՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այդ նույն ժամանակահատվածում իրականացվել է ընդամենը 10,8 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 365.97 դրամ միջին փոխարժեքով:
Հունիսին ֆինանսական շուկայում կտրուկ ավելացել է պահանջարկը դոլարային վարկերի նկատմամբ։ Սա վկայում է այն մասին, որ երկարատեւ հեռանկարում տնտեսվարողներն ավելի շատ վստահում են դոլարին, այլ ոչ թե դրամին։ Այսպես՝ հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.4 մլրդ դրամ (համարժեք է մոտ 47 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 65.2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ դրա նախորդող շաբաթում դոլարային վարկերը կազմել են ընդամենը 36 մլն դոլար, իսկ դրամայինը՝ մոտ 44 մլն դոլարին համարժեք։


























