Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Հովհաննես Մկրտչյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում տեղեկությունները, թե աշխատողները վերջնահաշվարկը եւ արձակուրդային աշխատավարձերը կստանան միայն ընկերության աղբահանության մեքենաները վաճառելուց հետո:
«Աշխատողները նոյեմբերի աշխատավարձը ստացել են, մնում է վերջնահաշվարկը եւ արձակուրդայինը, նրանք էլ պահանջում են մինչեւ նոր տարի ստանալ այդ գումարները, բայց քանի որ հիմնարկը լուծարման գործընթացի մեջ է, բարդանում է գործը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ՓԲԸ-ի տնօրինությունը դիմել է քաղաքապետարին հարցը լուծելու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել:
«Բավականին մեծ գումարի մասին է խոսքը»,- նշեց փոխտնօրենը:
Ինչ վերաբերվում է «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությանը, ապա այն շարունակելու է առայժմ գործել. Կենտրոն վարչական շրջանի ձյան մաքրման աշխատանքներն իրականացնելու է հենց այս ընկերությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ էր ծանոթացել «Սանիտեկ» ընկերության աշխատանքներին: Ընկերությունը լիբանանյան է եւ 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Դեկտեմբերի 4-ին մի խումբ աշխատակիցներ հավաքվել էին քաղաքապետարանի առջեւ՝ պահանջելով հանդիպում Տարոն Մարգարյանի հետ, քանի որ միջազգային օպերատորի գալուց հետո իրենք գործազուրկ են դարձել: Դեկտեմբերի 26-ին վաղ առավոտից էլ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելու իրենց վերջնահաշվարկները եւ արձակուրդային աշխատավարձերը:




























