Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին բացարձակ չի հետաքրքրում «Բանդայի» գործով կայացված վճիռը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի հետեւել ոչ դատավարությանը եւ տեղյակ էլ չէ, որ դատավճիռ է հրապարակվել: «Բացարձակ չեմ ուզում խոսել այդ մասին, ինձ չի հետաքրքրում, իրենց գործն է, ուզում է 20 տարի տան, ուզում է՝ 50 տարի, ուզում է ազատեն, ինչ ուզում է անեն, ինձ համար միեւնույն է, տնիցս թալանված ունեցվածքից ոչինչ չեմ ստացել»,-ասաց նախկին պատգամավորը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն դեկտեմբերի 26-ին, «Բանդայի» գործով ամբաստանյալներին դատապարտեց մինչեւ 15 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։




























