ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին, որի նպատակը ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելն է, ուրբաթ հայտնել է կառավարությունը:

ՌԴ-ն եւ Հայաստանն ավելի վաղ միջկառավարական համաձայնագիր էին կնքել Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել էին,  որ անհրաժեշտ աշխատանքները  կիրականացվեն ռուսական կողմի տրամադրած վարկով:

«Նախագծով նախատեսվում է Հայաստանին պետական արտահանման վարկի  տրամադրում՝ 270 մլն դոլարի չափով, 15 տարի ժամկետով», —ասված է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016-ի սեպտեմբերին: Շաբաթ օրը ստորագրված համաձայնագիրը նախատեսում է դրա շահագործման ժամկետի երկարացում:

Շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համատեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս  2013թ.: Ռեակտորի զննությամբ եւ պլանը կազմելու աշխատանքներով զբաղվում էին «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները: