Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով պայմանական պատիժ կրող՝ վաշտի հերթապահ Նարեկ Միտոյանի փաստաբան Ավետիս Քալաշյանը համոզված է, որ կատարված ողբերգության հետ դատապարտված իր պաշտպանյալը, Պարույր Մկրտչյանը եւ Արման Մուրադյանը որեւէ կապ չունեն:
«Վերաքննիչի հետ որեւէ հույս չկա, չնայած դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ դատավորները տարբեր հարցեր տվեցին՝ կապված Նարեկի եւ Արմանի հետ: Իմ փորձը ցույց է տալիս, որ դատավորները բեմադրել էին այդ ամենը: Շատ քիչ են շանսերը, որ իմ պաշտպանյալին, օրինակ, կարդարացնեն: Իհարկե, մեր դեպքում պայմանական է պատիժը, բայց եթե արդարություն լիներ, ապա նրան հենց առաջին ատյանի դատարանը պետք է արդարացնեն: Նարեկի արարքի եւ ծանր հետեւանքների միջեւ պատճառական կապ չկա: Կարծում եմ, որ եթե արդար լինի, ապա Արմանն ու Պարույրն էլ պետք է արդարացվեն, որովհետեւ որեւէ կապ չունեն կատարվածի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստն այսպես մեկնաբանեց Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ նիստի ժամանակ գործով դատավորներին զարմացրել էր, թե ինչու են վաշտի հրամանատարն ու հերթապահը դատապարտվել եւ ինչ կապ ունեն նրանք Վանիչկայի ինքնասպանության հետ:
3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մուրադյանի փաստաբան Աշոտ Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորների հարցադրումները շատ ճիշտ էին:
«Վանիչկայի ինքնասպանության եւ անգործության միջեւ պատճառական որեւէ կապ չկա: Սա ոչ թե բեմադրված էր, այլ բնական էին նման հարցադրումները, իսկ դատախազն էլ պատասխաններ չուներ: Ինքս կարծում եմ, որ թյուրիմացություն է եղել իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելն ու դատապարտելը»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։




























