Մալայզիայում անձրեւների հետեւանքով առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով շուրջ 130 հազար մարդ է տարհանվել:

Bernama գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ի առավոտյան ողջ երկրում տարհանվածների թիվը կազմել է շուրջ 132,7 հազար մարդ: Տարհանված նահանգների շարքում են Կելանտանը, Տրենգանուն, Պահանգը, Պերակը եւ Ջոհորը:

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Աբդուլ Ռազակը կայցելի աղետից ամենաշատ տուժած Կելանտան նահանգ, որտեղ տարհանվել է շուրջ 56 հազար մարդ: Վարչապետը պատրաստվում է անձամբ համակարգել փախստականներին տեղավորելու ուղղությամբ կատարվող աշխատանքները: Երկրի կառավարությունը փրկարարական աշխատանքների համար արդեն հատկացրել է  շուրջ 14 մլն դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռազակը ստիպված է եղել ընդհատել ԱՄՆ-ում իր արձակուրդը՝ երկրում ջրհեղեղների հետեւանքով ստղծված աղետալի իրավիճակի պատճառով: Facebook-ում վարչապետի էջի հետեւորդները մեղադրել էին նրան  հանգստյան օրերն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գոլֆ խաղալով անցկացնելու համար: