Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը 2014 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղրղզստանը «շատ լավ պայմաններով» է միանում ԵՏՄ-ին:  «Մենք դեկտեմբերի 23-ին ստորագրեցինք ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: Մինչեւ վերջին պահը մենք չգիտեինք՝ արդյոք կընդունե՞ն մեզ, թե՞ ոչ, որովհետեւ երկրներից մեկը կտրականապես դեմ էր», - ասել է պետության ղեկավարը:

«Մենք անդամակցում ենք շատ լավ պայմաններում», - հայտարարել է Ատամբաեւը: Սահմանների, մաքսային կետերի վերազինման ու արտադրանքի սերտիֆիկացման ժամանակակից լաբորատորիաների ստեղծման համար հատկացվում է 300 միլիոն դոլար, որից 200 միլիոնը հատկացնելու է Ռուսաստանը, իսկ 100 միլիոնը` Ղազախստանը:

Բացի այդ, «ստեղծվում է (ռուս-ղրղըզական) զարգացման հիմնադրամ` 1 միլիարդ դոլար կապիտալով»: «Ունենալով նման ռեսուրսներ` կառավարությունը կստեղծի աշխատատեղեր եւ բոլոր ջանքերն կուղղի տնտեսության զարգացմանը», - ընդգծել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Ղրղզստանին «հաջողվել է հասնել լավ արտոնությունների»: «Մաքսային եկամուտների ընդհանուր բաշխման ժամանակ Բելառուսն ունի 4%, Հայաստանը` 1,13% շ, իսկ մեզ հաջողվեց կանգ առնել 1.9%-ի վրա», հաղորդել է նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են 2014թ. մայիսի 29-ին, այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Հոկտեմբերի 10-ին պայմանագրին միացել է Հայաստանը, իսկ դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԵՏՄ-ին  Ղրղզստանի անդամակցության պայամագիրը: Ակնկալվում է, որ հանրապետությունը միությանը կանդամակցի 2015թ. մայիսի 1-ից: