Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բարկացնում է Զվարթնոցի «փարթիի» մասին հարցը: Այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե գալիք տարում սպասվելու են նմանատիպ «սկանդալներ»:
«Խորհուրդ կտամ` մեր ռելիզները վերցնեք ու կարդաք: Եթե ինչ-որ մարդիկ ուզեցին դրանից լուրջ սկանդալ սարքել, ստացվեց: Հիմա դուք լուրջ դեմքով եկել ու այդպիսի հարց եք տալիս: Ժողովուրդ, էդպես չի կարելի, չէ՞: Մշակույթի նախարարությունը բոլոր անհատների կրթվածության մակարդակի հետ կապ չունի»,- բարկացած ասաց Հասմիկ Պողոսյանը` ընդգծելով` «մենք եկել ենք Ամանորին...»:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: Հունիսի 20-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել ՊՈԱԿ-ի ղեկավարին, իսկ վերջինս էլ աշխատանքից ազատել էր մասնաճյուղի վարիչին:



























