Շվեդիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա, քանի որ կառավարությունը, սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, աջակենտրոն պահպանողական դաշինքի ընդդիմադիր կուսակցությունների հետ կարողացել է պայմանավորվել խորհրդարանում համագործակցության սկզբունքների մասին: Դեկտեմբերի 27-ին Սթոքհոլմի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է վարչապետ Ստեֆան Լյովենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կուսակցությունները դեկտեմբերին համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Շվեդիան կառավարվելու է քաղաքական նոր մթնոլորտի պայմաններում», — ասել է Շվեդիայի վարչապետը՝ ներկայացնելով համաձայնության արդյունքները:
Քաղաքական ուժերը նոր օրենքների շուրջ համաձայնության են եկել խորհրդարանում բյուջեի քվեարկության ժամանակ, որոնք փոքրամասնության կառավարությանը թույլ կտան ներկայացնել իրենց առաջարկները: Հենց բյուջեի նախագծի տապալումն էլ դեկտեմբերի սկզբին դարձավ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացնելու պատճառ, նշում է ՏԱՍՍ-ը:




























