Ազգային անվտանգության ծառայության օրերս իրականացրած օպերատիվ բացահայտումը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ տասնամյակը մեկ մեկ դատավորը մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում առոչինչ է, եւ եթե ԱԱԾ-ն որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա ամեն օր պետք է մեկին ձերբակալի, դատավորների 99 տոկոսը պետք է լինեն մեղադրյալի աթոռին:
«Մենք չունենք դատական համակարգ, գործում է հեռախոսի իրավունքը: Անընդհատ պատվերով վճիռներ կարդալուց հետո միգուցե մտածում են, որ մի երկու հատ էլ իրենք նման գործ անեն՝ չհասկանալով, որ նման մարդիկ պարբերաբար պետք է բացահայտվեն, որպեսզի այս տաղտուկ վիճակում, սովի եզրին կանգնած ՀՀ քաղաքացին հասկանա, որ պետություն կա: Փորձում են էդ մարդուն «տակով անել», հավանական է՝ նա պատվեր չի կատարել, որոշել են պատժել»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի նպատակը Լոռու մարզի անապահով բնակչին հավատացնելն է, որ այսպես, թե այնպես պետություն գոյություն ունի, նույնիսկ դատավոր է ձերբակալվել, «սա վերջին ճիգերն է ինչ-որ բան ապացուցելու»: Գուրգեն Եղիազարայնն ասաց, որ եթե ԱԱԾ-ն ցանկանում է ՀՀ-ին օգտակար լինել, ապա ինքը 1 ամիս առաջ բարձրաձայնել է Ասիական զարգացման բանկից ստացած 960մլն դոլար վարկի մասին, որը «բարեհաջող» փոշիացված է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ:




























