ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ հարավ-արեւելյան հատվածում տեղակայված ԶՈՒ թիվ N զորամաս:
Նախարարին եւ մարզպետին դիմավորեցին զորամասի հրամկազմն ու զինվորները: Հանդես գալով ողջույնի խոսքով` նախարարը մեծարեց զինվորներին, շնորհավորեց նրանց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով:
Նա բարձր գնահատեց հայոց բանակի գործունեությունը, մասնավորապես վերջին ամիսներին հակառակորդի ագրեսիվ նկրտումներին համարժեք պատասխան տալու նրանց անկոտրում վճռականությունը, պատրաստակամությունը ու խիզախ կեցվածքը: Նա հորդորեց Հայոց բանակի զինվորներին չթուլացնել զգոնությունը եւ շարունակել աչալրջորեն հետեւել հակառակորդի ցանկացած քայլի, որովհետեւ թշնամին դավադիր է ու նենգ:
Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձին-առանձին զրուցեց զինվորների հետ, որոնց թվում էին նաեւ Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից Հայաստանում հաստատված եւ Հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող երիտասարդներ: Նախարարը հետաքրքրվեց նրանց առօրյայով, այցելեց նաեւ զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին, ինչպես նաեւ եղավ զորամասի ուսումնակրթական կենտրոնում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Գեղարքունիքի մարզպետը մեկնեցին Վահան գյուղ եւ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին ու շիրմաքարերին:
Սփյուռքի նախարարը զորամասին նվիրեց համակարգիչ, գրքեր եւ ամանորյա այլ նվերներ:




























