ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով նիստի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունը, դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԿԳԲ-ին, պահանջելով ապահովել իր եւ մոր անվտանգությունը:
Այս գործով բողոքի քննությունը հետաձգվեց փաստաբան Արա Զաքարյանի բացակայության պատճառով: Ներկայացրած բողոքը հիմնավորելու հնարավորություն ստացան միայն մի քանի ամբաստանյալներ:
Դատավորը խոսքի իրավունք չտվեց դատապարտյալ Արմեն Հովհաննիսյանին՝ պատճառաբանելով, որ նրա փաստաբանը ներկա չէ եւ որ առաջինը նա պետք է բողոքը հիմնավորող փաստեր ներկայացնի: Դատավորը Արմեն Հովհաննիսյանին թույլ չտվեց հայտարարությամբ հանդես գալ անգամ երբ նա հրաժարվեց իր պաշտպանից:
Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը ընդհատեց նաեւ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի խոսքը՝ պատճառաբանելով, որ դեռ հայտարարությունների ժամանակը չէ:
Շահեն Հարությունը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԿԳԲ-ին, պահանջեց ապահովել իր եւ մոր անվտանգությունը, անդորրը. «Ինչքան էլ ստորությունները շարունակեն, մեկ է ես չեմ կոտրվելու»:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 16-ին:




























