Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սիսիանի քաղաքապետի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված գործով դատավարությանը առայժմ քաղաքապետը ցուցմունք չի տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղասի Հակոբջանյանը:
Նա նշեց, որ դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա հունվարի 15-ին: Քաղաքապետն ասաց, որ դեռ իր՝ ցուցմունք տալու հերթը չի հասել:
Իսկ դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ Աղասի Հակոբջանյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել վերջինիս մասով քրեական վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը սակայն մերժվել է: Պաշտպանը որպես միջնորդության հիմք մատնանշել է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը, սակայն այն Աղասի Հակոբջանյանի դեպքում չի կարող կիրառվել, քանի որ պետությանը հասցված վնասը դեռ չի փոխհատուցվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նստավայրը՝ Սիսիան, սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր-տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը: Այսպես, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանին եւ նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար:
5 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:




























