Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության նախկին տնօրեն, յուրացման մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանի գործով քննչական գործողություններ են այս պահին կատարվում, որին մասնակցում են նաեւ հաստատության բոլոր աշխատակիցները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գիշերօթիկ դպրոցի աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ հարցաքննություններ են առերեսումներ են տեղի ունենում: Նաեւ տեղեկություն ունեմ, որ նախարարության ոչ մի աշխատակցի դեռ մեղադրանք չի առաջադրվել: Մինչդեռ պետական պաշտոնյաները, որոնց լիազորությունների մեջ մտնում էր վերահսկել հաստատության աշխատանքները, եւ որոնք պատասխանատու էին պատշաճ մթնոլորտի ձեւավորման բնականոն գործընթացի համար, պիտի ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ հաստատված երկու հանգամանք կա. պետական բյուջեից խոշոր գումարներ են յուրացվել, եւ պետական բարձրաստիճան պաշտոնյան թերացում է կատարել վերահսկողության ոլորտում. «Այս երկու հանգամանքները բավարար են, որ պետական պաշտոնյայի նկատմաբմ մեղադրանք առաջադրվի պաշտոնական անփութության հանցակազմով»:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից: