Պետական բյուջեի մուտքերը վարվող տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ծառայության աշխատանքը պետական բյուջեի մուտքագրումն ապահովելու, պետական կարեւորագույն ծրագրերն իրականացնելու եւ հանրապետության տնտեսության զարգացման գործում: Նրա համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ հավաքագրվող յուրաքանչյուր լումա ծախսվում է անհրաժեշտ ծրագրերի կյանքի կոչման համար եւ, որ յուրաքանչյուր հարկատու իր ներդրումն ունի մեր պետության շինարարության գործում: Վարչապետը հորդորել է նույն տեմպերով շարունակել աշխատանքը` կարեւորելով հարկատուների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-դասընթացների եւ հանդիպումների նշանակությունը:
Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ոլորտում ունեցած ավանդի եւ հարկային բնագավառում երկարամյա ծառայության համար՝ մի խումբ աշխատակիցների կառավարության ղեկավարը պարգեւատրել է Վարչապետի հուշամեդալով եւ պատվոգրերով:
Արտակ Բալայանն իր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին` ջերմ ու անմիջական հանդիպման համար եւ վստահեցրել, որ հետագա աշխատանքով էլ ավելի կամրապնդեն վստահությունն իրենց կառույցի նկատմամբ:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին` գալիք ամանորյա տոների առթիվ եւ նրանց մաղթել նոր հաջողություններ:



























