2015 թ. առաջին միջոցառումներից մեկը կլինի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը: Այս մասին հայտարարել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նշենք, որ օրերս Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ մարդասիրական կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում։

2013 թ. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը եւ կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ-ին ամրացված 17.5 հա մակերեսով տարածքը։

Երեկ Ռուսաստանի կառավարությունն իր հերթին հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի կնքմանը, որը վերաբերում է տարածաշրջանային մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը:  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարված է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել եւ համաձայնագիր ստորագրել կառավարության անունից:

Մինչ այդ, 2012 թ. հոկտեմբերին Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՌԴ իր գործընկեր Վլադիրմիր Պուչկովին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծմանն ուղղված միջոցառումների պլան-ժամանակացույցը։

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված հնարավորությունների եւ մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

Սա կլինի տարածաշրջանում եզակի կենտրոն, որը հագեցած է լինելու նորագույն տեխնիկայով, ինչպես նաեւ աշխատանքային եւ կենսաապահովման բոլոր պայմաններով: ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարության կողմից կենտրոնի տարածքում կառուցվել է վարչական շենք, հիմնովին վերանորոգվել են առկա շենք-շինությունները եւ պահեստները, բարեկարգվել է տարածքը։

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության եւ տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: