Թուրք ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջան, որը 1981 թվականին կրակել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի վրա եւ վիրավորել նրան, այսօր՝ դեկտեմբերի 27-ին այցելել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ գտնվող նրա գերեզմանին:

Աղջան, որը ներկայումս ապրում է Ստամբուլում, հատուկ այցելել է Վատիկան, Հովհաննես Պողոս II Պապի հետ Ռեբիբիա բանտում իր հանդիպումից 31 տարի անց:

«Ես եկել եմ այսօր, որովհետեւ դեկտեմբերի 27-ը Պապի հետ իմ հանդիպման օրն է: Ես վերադարձել եմ հրաշքի վայր: Այստեղ կատարվել է Ֆաթիմայի երրորդ գաղտնիքը: Հարձակվելով Պապի վրա, ես հրաշք գործեցի»,-ասել է Աղջան, որը Հովհաննես Պողոս II-ի գերեզմանին երկու փունջ սպիտակ մեխակներ է բերել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Adnkronos-ը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձը կատարվել է 1981 թվականի մայիսի 13-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Աղջան թուրքական ուլտրաաջ «Գորշ գայլեր» խմբավորման գրոհային է, որն ատրճանակից կրակելով վիրավորել էր պոնտիֆիկին: Հռոմի Պապին փրկել է այն, որ կրակոցի պահին նա շրջվել է ամբոխի մեջ կանգնած աղջնակի կողմը, որի ձեռքին եղել է աստվածամոր պատկերը:

Աղջան տեղում ձերբակալվել էր եւ դատապարտվել ցմահ ազատազրկման: 1983 թվականին պոնտիֆիկը այցելել էր Ռաբիբիայի բանտ ու հանդիպել ահաբեկչի հետ, որի հետ երկար զրույցից հետո ներել էր նրան: 2000 թվականի ապրիլին Իտալիայի նախագահը ներում էր շնորհել Աղջային եւ արտահանձնել Թուրքիային, որտեղ 10 տարի ազատազրկվել էր թուրքական թերթերից մեկի լրագրողի սպանության եւ զինված ավազակային հարձակման համար, որից հետո ազատ էր արձակվել: