Անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Նովոստի Արմենիային» տված հարցազրույցում:
Դիտարկմանը, թե Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Քոչարյանը պատասխանել է. «Դե, նախեւառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում եւ վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշեւիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշման:
Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլեւ Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են եւ՛ Երեւանը, եւ՛ Զանգեզուրը, եւ՛ Սեւանը»:
Դիտարկմանը, թե նույն բանն ասում էր նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, ԱԳ փոխնախարարը նկատել է. «Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սեւանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիեւին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիեւը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, եւ չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը»:




























