Արցախի Հանրապետության կառավարությունը կբարձրացնի հողերի նպատակային օգտագործման մակարդակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նա նաեւ հավելեց, որ ներկայում ըստ նշանակության է օգտագործվում հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի 55-60%-ը, սակայն աշխատանքներ են տարվում ցանքատարածությունների մակերեսն ընդլայնելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին, եղանակային վատ պայմանների պատճառով, ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն: «Գարնանը խանգարեց կարկուտը, ամռանը՝ երաշտը: Ամեն դեպքում, 2014 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի 1-1.5%-ի աճ է արձանագրվել»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին գարնանացան է իրականացվել 4493.6 հեկտարի վրա՝ ի տարբերություն 2013 թվականի մարտի 1344.1 հեկտարի: Գարնանացանի երկու երրորդը (3005 հա) կատարվել է հանրապետության արեւմտյան Քաշաթաղի շրջանում:




























