Հայկական ձկնաբուծական «Յունիֆիշ» ընկերության արտադրանքի նմուշները արժանացել են Չինաստանի եւ Ավստրալիայի լաբորատորիաների դրական եզրակացությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը: «Նման եզրակացություն է ստացվել նաեւ Մալայզիայից, Սինգապուրից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից: Այնպես որ՝ Ռուսաստանը մեզ համար խոշոր շուկա է մնում, բայց ոչ միակը»,- հավելեց նա: Նշենք, որ ընկերությունը մասնագիտացած է թառափի բուծման գործում:

Լաբորատոր եզրակացությունից հետո այդ երկրների առեւտրային ցանցերը համաձայնել են աշխատել հայկական ընկերության հետ: Հիմա քննարկվում են աշխատելու կարգի եւ մատակարարումների ծավալի հարցերը: «Աշխատանքը՝ այդ թվում թղթաբանական, ժամանակ կպահանջի, բայց 2015 թվականին, կարծում եմ, արդեն կսկսենք մեր արտադրանքն արտահանել իմ թվարկած երկրներ»,- հավելեց «Յունիֆիշ»-ի ղեկավարը:

Նա նաեւ հավելեց, որ արտահանմանը նպաստում է նաեւ այն, որ Հայաստանում շատ արագ են տալիս CITES-ի եզրակացությունը (Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիա):