Վենեսուելական պաղպաղակի խանութը, որն 863 համով աղանդեր էր առաջարկում, կաթի հետ կապված խնդիրների զոհ է դարձել: Պատճառը երկրում տիրող տնտեսական ծանր իրադրությունն է: Խանութը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մերիդա քաղաքում գործող Coromoto խանութն անհավանականորեն մեծ ճանաչում ուներ զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այնտեղ կարելի էր անգամ լոբու կամ գարեջրի համով պաղպաղակ վայելել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Coromoto-ի աշխատակազմը չի հստակեցրել, արդյո՞ք խանութը կարող է վերաբացվել:
Վենեսուելայի կառավարության՝ երկարատեւ ճգնաժամից դուրս գալու անկարողությունը Կարակասում հակակառավարական ելույթներ է հրահրել, որոնք սկսվել են փետրվարին եւ շարունակվել մինչեւ այս ամառ: Ոստիկանության եւ ցուցարարների բախումների զոհ է դարձել ավելի քան 40 մարդ:




























