Եղիսաբեթ 2-րդի բրիտանական թագավորական գվարդիայի զինծառայողներին զգուշացրել են, որ նրանք կարող են «Իսլամական պետության» զինյալների թիրախ դառնալ: Ըստ The Mirror-ի, հետախուզությունը համացանցում համապատասխան նամակագրություն է գտել:
«Իսլամականները հասկանում են, որ դժվար կլինի հարձակվել թագավորական ընտանիքի անդամի վրա, զինյալների թիրախ կարող են դառնալ գվարդիականները: Հետախուզական բաժնում լրջորեն են վերաբերվում նամակագրությանը, զգուշության անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել»,- պարբերականին հայտնել է բարձրաստիճան մի պաշտոնյա: Նրա խոսքով, ԻՊ-ի զինյալները ծրագրում են առնվազն մեկ զինծառայողի առեւանգել եւ սպանել:
Lenta-ի փոխանցմամբ, ամեն դեպքում, Մեծ Բրիտանիայում որոշել են չհրաժարվել պահակախմբից, որը երկրի այցեքարտն է դարձել: «Եղիսաբեթ 2-րդը մտադիր չէ ընկրկել ահաբեկիչների սպառնալիքների առջեւ»,- ընդգծել է աղբյուրը: Ըստ նրա, ներկայում գվարդիականները ծառայում են իրենց կողմից հսկվող Սենթ Ջեյմս եւ Քլարենս-հաուս պալատների տարածքում: Նախկինում զինծառայողները նստավայրերից դուրս էին գտնվում: Բացի այդ, թագավորական պահակախմբին զինված ոստիկաններ կկցվեն:



























