Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել. չորս միավորանոց սանդղակով երրորդ մակարդակ՝ կապված երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում ցրտերի եւ ձյան առատ տեղումների հետ: Այս մասին հայտարարել է թագավորության օդերեւութաբանական ծառայությունը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, առաջիկայում ձյան տեղումները շարունակվելու են: Սա, անկասկած, կդժվարացնի տոնական շրջանում երկրում տրանսպորտային լարված իրավիճակը. այդ օրերին բրիտանացիներն այցելում են այլ քաղաքներում բնակվող իրենց հարազատներին եւ ընկերներին, եւ շատերն օգտվում են ավտոմեքենայից:

Այս առումով ավելի դժվար է Անգլիայի հյուսիսի վարորդների վիճակը, որտեղ որոշ շրջաններում մինչեւ 11 սմ տեղումներ են գրանցվել: Ճանապարհներին մի քանի կիլոմետր ձգվող խցանումներ են, իսկ շատ վարորդներ իրենց մեքենաները պարզապես մայթեզրին են թողնում:

Բացի այդ, ոստիկանությունը հաղորդում է ճանապարհային պատահարների թվի աճի մասին, ինչը նույնպես դժվարացնում է երթեւեկությունը: