Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Թումանյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 26-ին Արդարադատության խորհուրդը նիստ է գումարել, դատավորին մեղադրանք առաջադրելու եւ կալանքի  միջնորդություն ներկայացրել, սակայն ՀՀ նախագահը համաձայանություն է տվել միայն մեղադրանք առաջադրել՝ մերժելով կալանավորման թույլտվությունը՝  նշելով, որ բացակայում է կալանավորման վերաբերյալ հիմքերը եւ դրա վերաբերյալ պատշաճ ընթացակարգերը: Սակայն հաջորդ օրը՝  դեկտեմբերի 27-ին, ԱԽ-ն նորից է նիստ գումարել, որի մասին պաշտպանական կողմին տեղյակ է պահել ընդամենը 20 րոպե  րոպե առաջ եւ քանի որ նրանք գտնվել են Վանաձորում, չեն կարողացել մասնակցել դրան: Նիստում նորից կալանավորման մասին առաջարկ են ներկայացրել նախագահին, մինչդեռ փաստաբանը շեշտում է, որ ըստ դատական օրենսդրության՝ ՀՀ նախագահին դատավորին նույն հիմքով կալանավորելու համար մեկ անգամ կարող են դիմել:

Կարեն Թումանյանի խոսքով՝ Արդարադատության խորհուրդը՝ Հայաստանի 12 իրավաբանները փաստորեն չեն կարողացել նշել կալանավորման այնպիսի հիմքեր, որ ՀՀ նախագահը, լինելով ոչ իրավաբան, հասկացել է, որ կալանքի հիմքեր չկան, «սա եզակի դեպք է»: Բայց հետաքրքիրն այն է, որ 12 ժամ անց այդ հիմքերը հայտնվել են եւ նախագահը իր համաձայնությունն է տվել կալանավորման:

Կալանքի միջնորդությունը քնվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, այն բավարարվել է: Գործի քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել  Արդարադատության խորհուրդ: