Աֆղանստանը «վտանգավոր վայր» կմնա ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, եւ այնտեղ ծառայությունը շարունակող զինվորականները ռիսկի կենթարկվեն: Այս մասին դեկտեմբերի 28-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ 13 տարի տեւած գործողության ավարտը, ըստ Օբամայի, դարձել է այդ երկրի համար «գլխավոր իրադարձությունը»:  «Մեր զինծառայողների անհավատալի ինքնանվիրումի շնորհիվ մեր ռազմական գործողությունն Աֆղանստանում ավարտվում է, եւ Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար պատերազմը մոտենում է  համապատասխան  ավարտին», — ասել է նա:

Օբաման հիշեցրել է, որ Աֆղանստան ներխուժելու շնորհիվ հաջողվել է ոչնչացնել «Ալ Քաիդայի» ղեկավարությանը, այդ թվում նաեւ նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին, իսկ երկրի բնակիչները հնարավորություն ստացան մասնակցել ժողովրդավարական ընտրությունների: 

ԱՄՆ-ն եւ  դաշնակիցները կպահպանեն սահմանափակ ռազմական ներկայությունն Աֆղանստանում՝ աֆղանական զորքերի նախապատրաստման, խորհրդատվության եւ աջակցության, ինչպես նաեւ  «Ալ Քաիդայի» գրոհայինների դեմ պայքարելու համար:

Օբաման նաեւ շնորհակալություն է հայտնել եւ հարգանքի տուրք մատուցել Աֆղանստանում զոհված շուրջ 2 հազար զինծառայողներին, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով  Associated Press-ը:

Դեկտեմբերի կեսին Օբաման հայտարարել էր, որ  2015 թ. Աֆղանստանում եւ Իրաքում 180 հազար զինծառայողներից կմնա շուրջ 15 հազար մարդ:  ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանը վերջնականապես կլքեն 2016 թ.: