Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում, որտեղ զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել, շուտով կսկսվեն ախտահանման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա նշեց, որ այսօրվանից իր աշխատակիցները կսկսեն ախտահանել մանկապարտեզը, կանցկացնեն դասընթացներ անձնակազմի համար սննդի մշակման, հիգիենիկ պայմանների պահպանման վերաբերյալ: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնը իր աշխատանքները մանկապարտեզում կշարունակի նաւե հաջորդ տարի՝ 2015թ՝ տոներից հետո: Արտավազդ Վանյանն ասաց նաեւ, որ վերջում նմուշառում կանեն եւ լաբորատոր հետազոտություն կանեն՝  արդյոք ամեն ինչ մաքուր է, թե ոչ, մանկապարտեզը պատրաստ է սկսել աշխատանքը, թե ոչ:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասինե ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսեւորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ:

Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին եւ նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդանոցում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: