«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գերմանական արտադրության երկու պրոֆեսիոնալ սքաներներ նվիրաբերեց Հայաստանի ազգային արխիվին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արխիվային փաստաթղթերի եւ նյութերի թվայնացման գործընթացն ավելի արագացնելու նպատակով:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը  կարեւոր համարեց ժամանակակից տեխնիկայով արխիվների վերազինումը: «Արխիվային փաստաթղթերի թվայնացումը  եւ  հետազոտողներին որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արխիվային ծառայությունների մատուցումը խիստ կարեւոր է: Ուրախ ենք, որ մեր ներդրումը կարող ենք ունենալ այդ գործում եւ շարունակելու ենք օժանդակել հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի թվայնացմանը»,-նշեց հիմնադրամի գլխավոր տնօրենը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին՝  իրենց համար խիստ անհրաժեշտ սարքերի նվիրաբերության համար: «Հայաստանի ազգային արխիվն ունի բարեկամներ, որոնք օգնում են  վերազինման հարցում: Մենք ունեինք ընդամենը երկու թվայնացման սարք, IDeA հիմնադրամից այսօր ստանում ենք եւս երկուսը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքների ծավալը: Հուսով եմ, որ 2015 թվականին  կկարողանանք երկու անգամ ավելի շատ նյութեր թվայնացնել եւ  հասարակությանն ու հետազոտողներին մեր ժողովրդի պատմության  մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել»,-ասաց Ա. Վիրաբյանը: