Երեւանում, Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը: Այս մասին հայտնում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Անշուշտ, Երեւանում բազմաթիվ են հանգստի բարեկարգ վայրերը, յուրօրինակ մթնոլորտ ունեցող տեղանքները, սակայն այս պուրակը արդեն երկու տասնամյակ երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար մնում է ինքնատիպ՝ զբոսնելու, խորհելու գեղագիտական վայր։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ մեր արվեստագետներին, որ բավականին ներկայանալի կերպով են այստեղ լինում ամեն շաբաթ-կիրակի, կարողանում են ջերմ, երեւանյան մթնոլորտ առաջացնել, պուրակը դարձնել մայրաքաղաքային մշակույթին բնորոշ մի վայր։ Քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է շարունակական հոգածությամբ համագործակցելու «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության հետ, որպեսզի ունենաք առավել մշակութային մայրաքաղաք, մայրաքաղաքային յուրօրինակ մշակույթ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Մայրաքաղաք» արվեստի գործիչների միությունը Երեւանի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված ամբասիր գործունեության եւ աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության, անմնացորդ նվիրումի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է Միության ոսկե հուշամեդալով, որը Միության տնօրենը հանձնել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին։
Պարգեւատրվել են նաեւ Վերնիսաժի կայացմանը մասնակից արվեստագետները։
Միջոցառմանը ներկա էին Մարտիրոս Սարյանի արձանի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ։
Միջոցառման բեմադրության ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքապետարանը, աջակցելով միջոցառման իրականացմանը, նոր մշակույթ է ձեւավորում՝ ընդգծելով քաղաքային նշանակության վայրերի կարեւորությունը։




























