Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Աֆղանստանում ռազմական գործողությունը դադարեցնելու մասին, հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
«ԱՄՆ-ի նոր առաքելությունն Աֆղանստանում կոչվելու է «խաղաղության պահպանման գործողություն»: Այն հիմնված է լինելու ուսուցման, խորհրդատվության եւ ահաբեկչության դեմ պայքարի վրա», - հայտարարել է Ջոն Կիրբին:
Այդ գործողության շրջանակում 2015 թ. սկզբին Աֆղանստանում կմնա 13,5 հազար արտասահմանցի զինվորական՝ Աֆղանստանի ուժերը նախապատրաստելու եւ գրոհայինների դեմ ռազմական գործողություններում օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Ալ Ջազիրան» հայտնում է, որ ISAF-ի ուժերը Քաբուլում անցկացրել են առաքելության ավարտի պաշտոնական արարողություն՝ գաղտնիության միջավայրում:
«Միջոցառումը կազմակերպվել է խիստ գաղտնիության պայմաններում՝ թալիբների հարձակմանը ենթարկվելու մտավախության պատճառով, որոնք վերջին օրերին աշխուժացրել են ահաբեկչական գործունեությունը երկրի մայրաքաղաքում», - հայտնել է հեռուստաալիքը: ՆԱՏՕ-ի անունից միջոցառումն անցկացրել է ISAF-ի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Աֆղանստանում ռազմական առաքելության ավարտի մասին եւ բարձր գնահատել ամերիկացի զինվորականների հերոսությունը: Նա նաեւ նշել է, որ Աֆղանստանը շարունակում է վտանգավոր երկիր մնալ:
Օբաման շարունակում է Աֆղանստանը վտանգավոր վայր համարել http://news.am/arm/news/246335.html
ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների գործողությունն Աֆղանստանում սկսվել էր 2001 թ. հոկտեմբերի 7-ին, զորքերի ընդհանուր թվաքանակը կազմել էր շուրջ 160 հազար մարդ: 13 եւ ավելի տարվա ընթացքում արտասահմանյան զորքերի կորուստը կազմել է 3480 մարդ, եւս շուրջ 14 հազար մարդ կորցրել են աֆղանցի զինվորականները:




























