Norman Atlantic լաստանավից ուղարկված մակույկում 4 մարմին են գտել, հայտնում է իտալական RAI հեռուստաալիքը: Այս տեղեկությունը հունական կողմը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իտալական ռազմաօդային ուժերին հաջողվել է այրվող նավից 329 մարդու փրկել: Նրանցից 85-ը Իտալիա մեկնող San Giorgio նավում են:

Նավում շարունակում են մնալ 149 ուղեւոր եւ անձնակազի անդամները: Վթարի վայրում աշխատում են իտալական ութ եւ հունական մեկ ուղղաթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ փրկված ուղեւորները, որոնք արդեն հասցվել են Իտալիայի ափ,  լրագրողներին պատմում են  իրենց տպավորությունները եւ այն մասին, որ նավում իրավիճակը իրենց հիշեցրել է «Տիտանիկը»:

Այս ողբերգական իրադարձութան մյուս մասնակիցների պատմածով՝ երբ դեկտեմբերի 28-ի առավոտյան հնչել է հրդեհի ազդանշանը, դրանից անմիջապես հետո նավի վրա խուճապ է սկսվել: Norman Atlantic-ի ուղեւորները խոսել են վախի, ջերմությունից հալչող կոշիկների, ինչպես նաեւ  սաստիկ ծխի մասին, որը պարզապես անհնար էր դարձնում շնչելը: