Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները կախված են նրանից, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները: Այս մասին դեկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար ձեռնտու է, որ Ռուսաստանում քաղաքական այնպիսի իրադարձություններ տեղի ունենան, որոնք ՌԴ քաղաքացիներին թույլ կտան ապրել ոչ թե ավտորիտար ռեժիմի պայմաններում, այլ ժողովրդավարական երկրում:   «Եվ եթե այնտեղ գործեն ժողովրդավար օրենքներ, ապա  քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար պայմաններում շփվելու մեր հնարավորությունները, իհարկե, կընդլայնվեն:  Իսկ եթե ավտորիտար վարչակարգը ուժեղանում է, ապա նվազում են մեր հնարավորությունները, եւ ինչ-որ մեկն է որոշում կայացնում մեր փոխարեն, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը: Ինչպես տեսանք, «եւ-եւ» քաղաքականություն գոյություն չունի», - նշել է Փոստանջյանը: Ըստ նրա համոզման՝ Հայաստանը պետք է հստակ ընտրի այն մոդելը, որով ցանկանում է զարգանալ:  «Մենք ցանկանում ենք զարգանալ՝ որպես ազատ եւ անկախ պետություն, սակայն վերջին գործընթացները չեն ենթադրում ոչ ազատ, ոչ էլ անկախ պետություն», - ընդգծել է Փոստանջյանը: