ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այդ երկրում վերջերս ձերբակալված բլոգերների հարցը: «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում և նպաստի խոսքի ազատության սկզբունքների պահպանմանը»,-ասել է Բրայզան:

Հիշեցնենք, որ «Օլ» երիտասարդական շարժման առաջնորդ 26-ամյա Ադնան Հաջիզադեն և «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար 30-ամյա Էմին Միլին ձերբակալվել Էին հուլիսի 8-ին` տեղի ռեստորաններից մեկում: Նրանց առաջադրվել է մեղադրանք` խուլիգանություն կատարելու համար: Մասնագետները, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համոզմունք են հայտնել, որ այդ գործը «սարքած է» և նրանց պատժում են այլախոհության համար:

Բլոգերների ձերբակալման առթիվ մտահոգություն են հայտնել Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ, Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, բազմաթիվ իրավապաշտպան ու միջազգային հասարակական կազմակերպություններ:

Բրայզան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև արևմտյան ռադիոընկերությունների («Ազատություն», «Ամերիկայի ձայն» և ВВС) Ադրբեջանում հեռարձակման դադարեցման խնդրին՝ նշելով. «ԱՄՆ-ում սպասում են հեռարձակման վերականգնման մասին իրենց առաջարկության պատասխանին»: Նշենք, որ այդ ռադիոկայանների հեռարձակումը դադարեցվել է 2008թ-ի վերջից: