Ինդոնեզիայի ՌՕՈՒ-ի ուղղաթիռը նավթային երկու շերտաբիծ է հայտնաբերել Air Asia Indonesia ավիաընկերության կորած Airbus A320-200 օդանավի որոնման գոտում:
Փորձագետները առայժմ չունեն ապացույց, որ հայտնաբերված նավթի հետքերը որեւէ առնչություն ունեն կորած օդանավի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով New Straits Times թերթը: Միաժամանակ, ավելի վաղ Ինդոնեզիայի ավիացիայի կրտսեր մարշալ Ագուս Դվի Պուտրանտոն հայտարարել էր, որ ավստրալական AP-3C օդանավը, որը A320-200-ը որոնում է Ճավայի ծովի գոտում, կասկածելի օբյեկտ կամ օբյեկտներ է հայտնաբերել:
Անհետացած Air Asia ինքնաթիռի որոնման գոտում կասկածելի օբյեկտ է հայտնաբերվել http://news.am/arm/news/246364.html
The Washington Post թերթը միաժամանակ պարզել է դիսպետչերների հետ AirAsia-ի օդաչուների վերջին խոսակցության բովանդակությունը: Ինդոնեզայի դիսպետչերները օդանավն անհետանալուց առաջ հաստատված կապի ժամանակ AirAsia օդանավի անձնակազմին արգելել են այլ բարձրության անցնելը:
Օդաչուները եղանակային պայմանների վատթարացման հետ կապված՝ ուղղության փոփոխության վերաբերյալ հարցում են արել Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության պաշտոնյա Ջոկո Մուրջամոջոյին: Նրանք մտադիր են եղել 9,7 հազար մետրից բարձրանալ մինչեւ 11,5 հազար մետր, հայտնում է lenta.ru-ն: Ինդոնեզիայի ցամաքային ծառայությունները սկզբում անձնակազմին թույլ են տվել փոխել ուղղությունը, սակայն հետո չեղյալ են հայտարարել այդ որոշումը, քանի որ տվյալ բարձությունում մեկ այլ օդանավ է եղել: Դրանից անմիջապես հետո AirAsia օդանավի հետ կապը կորել է:
Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: օդանավում եղել էր 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Ույղեւորներից 149-ն ինդոնեզացի են, երեքը՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ, Սինգապուրի եւ Մալայզիայի մեկական քաղաքացիներ եւ Մեծ Բրիտանիայի մեկ հպատակ:



























