Հայկական «Երեւան» թիմը (կապիտան՝ Լեւոն Նիկողոսյան) «Բրեյն ռինգ» խաղի փոխչեմպիոն է դարձել:
«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ, «Պերեզագրուզկա» թիմի կապիտան Տիգրան Քոչարյանը հայտնեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո Մինսկում անցկացվող առաջնությանը 6 երկրների 30 թիմեր էին մասնակցում՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Լատվիայի եւ Ադրբեջանի:
Հայաստանն այս տարի ներկայացրել է երեք թիմ՝ Լեւոն Նիկողոսյանի «Երեւան» թիմը, Արման Աբովյանի հեռուստատեսային թիմը եւ «Պերեզագրուզկան»:
Դիտարժան պայքարում հաղթելով մի քանի թիմերի՝ «Երեւան» թիմը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ՝ միայն վերջին հարցի ժամանակ զիջելով Բելառուսի հավաքականին:
«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ հայկական բոլոր թիմերը լավ խաղ են ցուցադրել՝ նշելով հայ գիտակների կամային հատկանիշները:
«Երեւան» թիմի կապիտան Լեւոն Նիկողոսյանը հատուկ նշել է հավաքականին կրթության եւ գիտության նախարարության եւ հատկապես նախարար Արմեն Աշոտյանի ցուցաբերած աջակցությունը, որի շնորհիվ հակական թիմերը կարողացել են մասնակցել Մինսկում «Բրեյն ռինգի» աշխարհի առաջնությանը եւ նման բարձր արդյունքի հասնել:




























