Դեկտեմբերի 29-ին Ճավայի ծովի շրջանում հայտնաբերված օբյեկտները, որտեղ նախօրեին ռադարներից անհետացել էր Air Asia Indonesia ավիաընկերության օդանավը, ոչ մի կապ չունեն վերջինիս հետ:
«Ստուգում է անցկացվել, որի արդյունքում ոչ մի էական ապացույց չի ներկայացվել», — մամուլի ասուլիսում հայտարարել է Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ անհետացած ուղեւորատար օդանավի բեկորների որոնումներին մասնակցում են 30 նավ եւ 50 օդանավ՝ տարբեր երկրներից: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան՝ հանդիպելով անհետ կորածների հարազատներին:
Ինդոնեզիայից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը՝ տեղի ժամանակով 06:17-ից հետո: Օդանավում եղել էր 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:



























