Մալայզիական բոլոր կործանված ինքնաթիռները միեւնույն ընկերությունում են ապահովագրել: Այս տեղեկությունը հաստատել է գերմանական «Allianz» ապահովագրական ընկերությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ Allianz Global Corporate & Specialty UK-ը (AGCS) AirAsia-ի գլխավոր ապահովագրողն է»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, որոշ տվյալներով, նախօրեին անհետացած Airbus 320-200-ի ապահովագրական վճարումների ընդհանուր գումարը շուրջ 100 մլն դոլար է կազմելու:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում կործանված «Բոինգ»-ի 283 ուղեւորների զոհվելու համար ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում շուրջ 50 մլն դոլար է վճարել: Բացի այդ, Malaysia Airlines-ն ինքնաթիռի համար կարող է գրեթե 100 մլն դոլար ստանալ:
Ապահովագրողը կարող է նաեւ ստիպված լինել ավելի քան 100 մլն դոլար վճարել «Բոինգ»-ի համար, որը մարտին անհետացել էր Հնդկական օվկիանոսի վրա: Օդանավի եւ ուղեւորների ճակատագիրն անհայտ է: Ինքնաթիռում 239 ուղեւոր է եղել, բոլորին էլ զոհված են համարում:
Հիշեցնենք, որ նախօրեին Airbus 320-200 օդանավը թռել էր Սուրաբայա քաղաքից եւ պետք է վայրէջք կատարեր սինգապուրյան Չանգի օդանավակայանում, սակայն անհետացել է ռադարներից. ինքնաթիռի հետ կապը կորել է: Ուղեւորների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



























