Ադրբեջանում խիստ վրդովված են ԼՂՀ դատարանի կողմից ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի նկատմամբ կայացված դատավճիռների առթիվ:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը լրագրողներին հայտարարել է, որ այդ դատարանը «ոչ մի իրավական հիմք չունի»:

Զուգահեռաբար նա մեղադրել է Հայաստանին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի, ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվորությունը նվաստացնող վարքի ու պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում իր պարտավորությունները խախտելու մեջ: Հաջիեւը չի մոռացել հիշեցնել «4 հազար անհետ կորած ադրբեջանցիների» եւ «ավելի քան մեկ մլն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների» մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավճիռը:

Ըստ այդմ, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Նշենք, որ դատախազ Կարեն Գաբրիելյանն Ասկերովի համար պահանջել էր ցմահ, իսկ Գուլիեւի համար 22 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։