Այսօր՝ հուլիսի 10-ին, Ուկրաինայում ընթանում է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Ե՛ւ փորձագետները, ե՛ւ պաշտոնատար անձիք նշում են, որ գագաթնաժողովը հազիվ թե աչքի ընկնի քաղաքական որոշումներով, քանի որ հանդիպման հիմնական թեման կդառնա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հոբելյանը։
«Գագաթնաժողովը տեղի է ունենում մի այնպիսի ժամանակ, երբ Մաքսային միության հարցերն արդեն քննարկվել են, իսկ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին խոսելը դեռ վաղ է։ Միայն Յանուկովիչի ծննդյան տոնի առիթով հավաքվելը տարօրինակ է։ Այդ դեպքում ԱՊՀ-ն պարզապես դառնում է 50 տարեկանների ակումբ», ասել է փորձագետ Ալեքսեյ Վլասովը։
Յանուկովիչը գործընկերներին կընդունի Ղրիմում՝ Յալթայից ոչ հեռու գտնվող Լիվադիյան պալատում։ Ղրիմ են ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի եւ Ղազախստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը։ Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան», կժամանի նաեւ պատրիարք Կիրիլը։
Հատուկ Յանուկովիչին շնորհավորելու համար ուրբաթ Կիեւ է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա, սակայն, գագաթնաժողովին չի մասնակցել։
Յանուկովիչի ծննդյան օրը շնորհավորելու է եկել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով մինչեւ 2010 թվականի հունիս Ուկրաինայում անցանկալի անձ էր հայտարարված։




























