Երկու գիշեր է կրակոցներ են հնչում սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զոհեր ու տուժածներ չկան:

«Հակառակորդը խախտում է, մենք էլ երբեմն պատասխանում ենք, երբեմն չենք պատասխանում։ Դժվար է ասել, շատերն են սա կապում տոների հետ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին չեմ կարող որեւէ բան ասել»,- նշել է Հովհաննիսյանը։

Այգեպարում տները ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են, մանկապարտեզն ու դպրոցը՝ 700 մետր: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սահմանային լարվածությունը ստիպել է մոռանալ ամանորյա տրամադրությունը:

«Երեկ իրիկուն էլ է եղել, էսօր գիշեր էլ, հուսով ենք, որ ցերեկը չի լինի։ Խոշոր տրամաչափի գնդացիրից են կրակում՝ ДШК-ից, շատ ուժեղ է դրա պայթյունը, ձայնը։ Հիմա երեխաներն էլ, բնակիչներն էլ իրենց տներից դուրս չեն գալիս, տան բակերում են, ճանապարհներին մարդիկ չկան։ Կարելի է ասել, նախատոնական տրամադրություն չունենք, ոնց որ մեզ մոտ Նոր տարին չի գալիս»,- նշել է գյուղապետը:

Այգեպարի գյուղապետ ասում է, որ նախորդ տարիներին կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, այս տարի կրակում են հենց գյուղի՝ մարդկանց տների, ճանապարհով անցնող մեքենաների վրա:

Հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշել է, որ կրակոցներ կան, եւ դրանք ավելի ագրեսիվ են դարձել։