Հունական դատարանը կայացրել է «Հրե բջիջների դավադրություն» անարխիստական ահաբեկչական խմբավորման մասնակիցների նկատմամբ դատավճիռը, որոնք ծանրոց-նռնակներ են առաքել արտասահմանյան պետությունների դեսպանատներ:

Խմբավորման 14 անդամները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել՝ 5-25 տարի: Նրանցից ութը պետք է վճարեն 1200-1500 եվրո տուգանք, հայտնում է «polit.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Հրե բջիջների դավադրություն» անարխիստական ահաբեկչական խմբավորումը ձեւավորվել էր 2008 թ. հունվարին եւ իր ներկայությունը  զգացնել տվել Աթենքում եւ Սալոնիկում թանկարժեք մեքենաներով ավտոսրահների եւ բանկերի հրկիզմամբ: Մասնավոր ունեցվածքի վրա պարբերաբար հարձակումներն ուղեկցվել են  աշխարհի տաբեր երկրների քաղբանտարկյալների նկատմամբ ունեցած համերաշխությամբ, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի: Հունաստանում եւ ԱՄՆ-ում խմբավորումը ճանաչվել է ծայրահեղական:

2010 թ. այդ խմբավորման մասնակիցները պայթուցիկերով ծանրոցներ էին ուղարկել արտասահմանյան դեսպանատներին եւ քաղաքական գործիչներին պատկանող մի շարք հասցեներով: Անարխիստները իրենց վրա են վերցրել  2010 թ. դեկտեմբերին Աթենքում դատարանի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: