«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանը Ամանորը դիմավորելու է տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ Հայրապետյանը գտնվում է հիվանդանոցում, նա տառապում է քաղցկեղով, ունի շաքարային դիաբետ եւ արյան բարձր ճնշում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։



























