2014թ. նավերով բեռնափոխադրումները հաջողվել է մի փոքր ակտիվացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Ըստ նրա՝ ինքն անձամբ է հանդիպել Փոթի -Կովկաս նավահանգիստ-Փոթի նավային երթուղու ղեկավարության հետ: Գործընթացը հաջողվել է մի փոքր առաջ տանել. հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղափոխվել է 90 վագոն: «Իսկ ընդհանուր առմամբ 2014 թ. նավային փոխադրումների ծավալն աճել է: 2014 թ. 9 ամսվա ընթացքում ավելի շատ վագոններ են տեղափոխել, քան ողջ 2013 թ. ընթացքում», - նշել է Ռեբեցը:
ՀԿԵ-ի ղեկավարը հավելել է, որ Վրաստանի երկաթուղիներում վագոնները նույնքան արդյունավետ են շարժվում, ինչպես եւ Հայաստանում: «Ժամանակի կորուստները ծագում են միայն նավին սպասելիս եւ դրան հետեւելիս», - հավելել է Վիկտոր Ռեբեցը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը) 2008 թ.-ից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է:




























