Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են, որ Ճավայի ծովում հայտնաբերված օբյեկտները AirAsia Indonesia ավիաընկերության կորած Airbus օդանավին են: Բեկորները հայտնաբերել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը:
«Արդեն հաստատ հայտնի է, որ դրանք օդանավի բեկորներ են: Տարբեր կոորդինատներով երեք տարբեր վայրերում հայտնաբերվել է երեք առարկա», — հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջոկ Մուրյաատմոջոն (Djoko Murjatmodjo):
«Ներկայումս մենք կարող ենք հաստատել, որ այդ օդանավը պատկանում է AirAsia-ին», — հայտարարել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրի ՌՕՈՒ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Ինդոնեզիայի Կալիմանտան կղզուց արեւմուտք հայտնաբերվել են օբյեկտներ, որոնք հիշեցնում են փրկարարական բաճկոններ եւ ուղեբեռի առարկաներ: Դրանք կարող են լինել Air Asia ավիաընկերության անհետացած օդանավի իրերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի վթարի հավանական վայրում Ինդոնեզիայի ՌՕՈՒ-ն հայտնաբերել է մարդու մարմին:


























