Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը կվիճարկի առաջին ատյանի կայացրած որոշումը, եթե իր պաշտպանյալը նման ցանկություն հայտնի:

«Այս պահին ոչինչ որոշված չէ, Ասկերովի հետ այդ թեմայով դեռ չեմ խոսել, նա իրավունք ունի նաեւ ներման համար դիմելու նախագահ Բակո Սահակյանին: Նոր տարուց հետո անձամբ մտնելու եմ մոտը, խոսելու եմ նաեւ այդ թեմաներով: Ինքս պատրաստ եմ, երբ զանգեց ու բողոքարկելու ցանկություն հայտնեց, կդիմենք Վերաքննիչ դատարան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 29-ին դատավճռի հրապարակումից հետո Ասկերովը լուռ հեռացել է նիստերի դահլիճից՝ առանց որեւէ բան ասելու:

Նշենք, որ Գուլիեւին էլ դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։