AirAsia-ի օդանավի վթարի գոտում արդեն հայտնաբերվել է շուրջ 40  զոհի մարմին: Նավաստիները դրանց մի մասը բարձրացրել են փրկարարական նավի տախտակամած: Հայտնի է, որ զոհերի հագին չկան փրկարարական բաճկոններ, հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները:  Փրկարարների աշխատանքը դժվարացնում են բարձր ալիքները, փոխանցում է  «Նորությունների ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ջրից դուրս են բերել վեց զոհերի մարմիններ: Առավոտյան մասնագետները հայտնաբերել են օդանավի բեկորները եւ ուղեբեռներ:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն թռել է Կալիմանտան, որտեղ անձամբ կվերահսկի որոնողափրկարարական գործողության ընթացքը՝  AirAsia Indonesia ընկերության Airbus օդանավի բեկորների հայտնաբերման վայրում:

AirAsia-ի օդանավը Ինդոնեզիայից Սինգապուր էր մեկնում եւ ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի առավոտյան: Օդանավում եղել էր 162 մարդ: