Air Asia Thailand բյուջետային ավիաընկերության օդանավը, որը դեկտեմբերի 30-ին Բանգկոկից ուղեւորվել էր Խոնկեն նահանգ, վերադարձել է ելքային օդանավակայան՝ ուղեբեռների բաժնում տարօրինակ ձայների պատճառով:
Bangkok Post-ը հայտնում է, որ վայրէջքից հետո օդանավը մանրազնին ստուգվել է: Ստուգման ընթացքում վտանգավոր կամ անսովոր ոչինչ չի հայտնաբերվել, եւ օդանավը նորից Խոնկեն է մեկնել:
Օդանավը պատկանում է Հարավարեւելյան Ասիայի ավիափոխադրող ընկերության Թաիլանդի մասնաճյուղին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի ափերի մոտ ռադարներից անհետացել էր Ինդոնեզիայի մասնաճյուղի օդանավը, որի բեկորները եւ ուղեւորների մարմինները հայտնաբերվել էին դեկտեմբերի 30-ին՝ օվկիանոսում, Ինդոնեզիայի տարածքային ջրերի մոտ:



























